ԵՐԱԿՆԵՐԻ ՎԱՐԻԿՈԶ ԼԱՅՆԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ ՔՐՈՆԻԿ ԽՈՑԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

«Դեպք-ստուգիչ» հետազոտություն

(համառոտ)

Գոհար Աբելյան, Լուսինե Աբրահամյան, Գայանե Ենոքյան

 

Ներածություն/Նպատակներ: Երակային խոցերը հիվանդների համար հանդիսանում են  հոգեբանական և ֆինանսական ծանր բեռ. դրանք առաջացնում են ցավ, շարժունակության սահմանափակում, դեպրեսիա: Հետազոտության նպատակն էր՝ բացահայտել Հայաստանում երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մոտ ռիսկային այն գործոնները, որոնք մեծացնում են երակային խոցերի առաջացման հավանականությունը:

Մեթոդ: Օգտագործվել է «դեպք-ստուգիչ» հետազոտության ձևը՝ ընդգրկելով 80 մասնակից յուրաքանչյուր խմբում, ովքեր 2013-2014 թվականներին,  վարիկոզ հիվանդության բուժման համար, ենթարկվել են վիրահատության Հայաստանի երկու մասնագիտացված վիրաբուժական կենտրոններում: «Դեպքեր» խումբն ընդգրկում էր երակների վարիկոզ լայնացում ունեցող այն հիվանդներին, ում մոտ ախտորոշված էր ոտքի երակային խոց, մինչդեռ «ստուգիչ» խմբում ընդգրկված երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդները ոտքի երակային խոց չունեին:

Արդյունքներ: Երկու խմբում էլ կանանց քանակը գերակշռում էր տղամարդկանց քանակին (72.5% «դեպքեր» խմբում և 85.0 %` «ստուգիչում»):

«Դեպքեր» խմբում ընդգրկված անձանց միջին տարիքն ավելի մեծ էր, քան «ստուգիչում» ներառվածներինը (համապատասխանաբար՝ 53.9 և 39.2 տարեկան, p≤ 0.001):

Տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ երակային խոցի առաջացման հավանականությունն ավելի մեծ է.

  • հետթրոմբոտիկ հիվանդության պատմություն ունեցող հիվանդների մոտ (հավանականության գործակիցը` 14.90; 95% վստահության միջակայքը՝ 3.95-56.19; p=0.001),
  • օրվա ընթացքում ավելի նստակյաց կյանք վարող անձանց մոտ (հավանականության գործակիցը` 1.32 յուրաքանչյուր նստակյաց ժամի համար, 95% վստահության միջակայքը` 1.08-1.61; p=0.006),
  • խորանիստ երակներում արյան հետհոսք ունեցողների մոտ (հավանականության գործակիցը` 3.58; 95% վստահության միջակայքը` 1.23-10.31; p=0.019),
  • ոտքի վնասվածքի պատմություն ունեցողների մոտ (հավանականության գործակիցը` 3.12; 95% վստահության միջակայքը` 1.18-8.23; p=0.022):

Պարզվել է, որ ֆիզիկական վարժություններ կատարելը, մասնավորապես` քայլելը (շաբաթվա մեջ 5 օր և ավելի), կարող է հանդիսանալ երակային խոցերի առաջացումից պաշտպանող գործոն (հավանականության գործակիցը` 0.26; 95% վստահության միջակայքը` 0.08-0.90; p=0.034):

Եզրակացություններ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ խորանիստ երակներում արյան հետհոսքի առկայությունը, նախկինում ոտքի վնասվածք ունենալը, հետթրոմբոտիկ հիվանդության պատմությունը և նստակյաց ապրելակերպը հավաստի ռիսկային գործոններ են, որոնք նպաստում են երակների վարիկոզ հիվանդություն ունեցողների մոտ քրոնիկ խոցերի առաջացմանը: Դրան հակառակ, կանոնավոր ֆիզիկական վարժությունները զգալիորեն մեղմում են այդ ռիսկը:

Մանրամասների համար տես