«Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներդրումը Հայաստանում՝ ծխելը դադարեցնելու վերաբերյալ դասընթացների իրականացման միջոցով»

Գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումը վաղաժամ հաշմանդամության և մահվան առաջատար կանխարգելվող պատճառ է:

Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական հետևանքներից բնակչությանը պաշտպանելու նպատակով Հայաստանը 2004 թ.-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ):  ԾՊՇԿ-ի 14-րդ հոդվածի համաձայն՝  կոնվենցիային անդամակցող յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի գիտական տվյալների և լավագույն փորձի վրա հիմնված միջոցներ՝ ծխախոտի օգտագործման դադարեցմանն աջակցելու և ծխախոտային կախվածության համապատասխան բուժումն ապահովելու համար:

2005 թ.-ից սկսած Հայաստանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում մի շարք բարեփոխումներ է իրականացրել: Այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս չի մշակել և չի ներդրել ծխախոտային կախվածության ախտորոշման և բուժման համակողմանի և համալիր սկզբունքներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեանի անվան Հանրային առողջապահության ֆակուլտետը աշխարհի 19 կազմակերպություններից մեկն էր, որին 2014 թ. Գլոբալ Բրիջիզ առողջապահական միությունը (Global Bridges Healthcare Alliance for Tobacco Dependence Treatment) մրցութային կարգով շնորհել էր 2 տարվա դրամաշնորհ՝ ծխախոտային կախվածության բուժման ոլորտում իրականացվող աշխատանքներն ընդլայնելու նպատակով: Ծրագրի հիմնական նպատակը՝ առկա միջազգային լավագույն փորձի հիման վրա ծխելը դադարեցնելուն ուղղված ուսուցողական դասընթաց մշակելու միջոցով Հայաստանում ԾՊՇԿ 14-րդ հոդվածի ներդրմանն աջակցելն էր:

Ուսուցողական դասընթացի մշակման համար հետազոտական խումբը 2015թ. իրականացրեց Հայաստանում ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ իրավիճակի գնահատում, որը ներառում էր՝ ա) որակական հետազոտություն՝ ծխելը դադարեցնելու վերաբերյալ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների գիտելիքները, վերաբերմունքը և գործելակերպը բացահայտելու նպատակով, ինչպես նաև բ) ծխելը դադարեցնելու միջոցների գնի, մատչելիության և հասանելիության վերլուծություն: Իրավիճակի գնահատման արդյունքները բացահայտեցին ծխելը դադարեցնելու վերաբերյալ ԱԱՊ օղակի բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները բարելավելու, ինչպես նաև ծխելը դադարեցնելու միջոցների լայն հասանելիություն և առկայություն ապահովելու հրատապ անհրաժեշտություն:

Հաշվի առնելով գիտական տվյալների վրա հիմնված միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև իրավիճակի գնահատման արդյունքները՝ հետազոտական խումբը մշակեց Հայաստանում առաջին ծխելը դադարեցնելու ուսուցողական դասընթացը: Երևան և Գյումրի քաղաքների 18 պոլիկլինիկաներից 58 ԱԱՊ օղակի բուժաշխատողներ (ընտանեկան բժիշկներ և տեղամասային թերապևտներ) 2016թ. մայիսին մասնակցեցին ծխախոտային կախվածության բուժման երկօրյա դասընթացին և ստացան ՀՀ Առողջապահության նախարարության կողմից վավերացված 5 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ:  Ուսուցողական դասընթացները վարել են Թրփանճեանի անվան Հանրային առողջապահության ֆակուլտետի ավագ  գիտաշխատող, ծրագրի գլխավոր հետազոտող,  ԱՄՆ-ի «Մայո նիկոտինային կախվածության բուժման» կլինիկայի կողմից ծխախոտային կախվածության բուժման ոլորտում որակավորում ստացած մասնագետ Արուսյակ Հարությունյանը, կրստեր գիտաշխատող և կլինիկական հոգեբան Արմինե Աբրահամյանը, ինչպես նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Դանիելյանը:

Դասընթացի գնահատման արդյունքները ցույց տվեցին, որ մասնակիցները բավարարված են դասընթացի բովանդակությունից, մատուցման ձևից, ինչպես նաև բարելավել են ծխախոտային կախվածության բուժման ոլորտում ունեցած իրենց գիտելիքները: Դասընթացից 4 ամիս անց դասընթացի մասնակիցների և համեմատական խմբի շրջանում իրականացված հարցումները արձանագրել են ծխախոտային կախվածության բուժման գործելակերպի բարելավում միայն դասընթացի մասնակիցների շրջանում: Գնահատման նպատակով ծրագրում ընդգրկված համեմատական խմբի մասնակիցները հետազոտության ավարտին հրավիրվել են մասնակցելու ծխախոտային կախվածության բուժման սեմինարին (ուսուցողական դասընթացի հակիրճ տարբերակին) և ստացել են ուսուցողական դասընթացի նյութեր:

Ծրագրի բարեհաջող իրականացման գործում իրենց ավանդն են ներդրել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ինչպես նաև Երևան և Գյումրի քաղաքների մարզպետարանները:

Ծրագրի արդյունքները ներկայացվել են տեղական և միջազգային տարբեր գիտական քննարկումների, սեմինարների, կոնֆերասների ընթացքում, ինչպես նաև տպագրվել են միջազգային պարբերականներում, ՀԱՀ և Գլոբալ Բրիջիզ առողջապահական միության կայքէջերում: