Թոքային տուբերկուլոզի անբարեհաջող բուժման և շաքարային դիաբետի միջև կապը. կոհորտային հետազոտության արդյունքներ

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետինեան-Օնանեան հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերինե Սահակյանը և համահեղինակներ Վ. Պետրոսյանը ՀԱՀ-ից և Լ. Աբրահամյանը ՀԱՀ-ից և Տորոնտոյի համալսարանից  հրատարակել են «Շաքարային դիաբետ և թոքային տուբերկուլոզի բուժման ելքեր. կոհորտային հետազոտություն» վերնագրով հոդվածը (Diabetes Mellitus and Treatment Outcomes of Pulmonary Tuberculosis: A Cohort Study):

Հոդվածը, որը տպագրվել է  միջազգային գիտական գրախոսվող ամսագրերից մեկում՝ International Journal of Public Health (թարգմ.՝ Հանրային առողջապահության միջազգային ամսագիր), անդրադառնում է թոքային տուբերկուլոզի (ՏԲ) բուժման տարբեր ելքերի վրա շաքարային դիաբետի ազդեցությանը: Հետազոտությունն իրականացվել է Երևանի ՏԲ կաբինետներում հաշվառված չափահաս թոքային ՏԲ հիվանդների շրջանում: Ըստ հետազոտության` շաքարային դիաբետը՝ որպես ուղեկցող հիվանդություն, բացասաբար է ազդում թոքային ՏԲ-ի բուժման ելքի վրա: Մասնավորապես, շաքարային դիաբետ ունեցող ՏԲ հիվանդների մոտ առկա է ՏԲ բուժման անբարեհաջող ելքի (բուժման ձախողման) ավելի մեծ հավանականություն` համեմատած այն ՏԲ հիվանդների հետ, ովքեր չունեն շաքարային դիաբետ:

Հետազոտության արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ ՏԲ-ի բուժման ձախողմանը նպաստող գործոնները, ինչպես նաև կարող են օգտակար լինել բուժաշխատողների կարողությունների առավել հասցեական զարգացման համար՝ կարևորելով ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ ունեցող ՏԲ հիվանդների բուժման առանձնահատկությունները: Ավելին, կարելի է եզրակացնել, որ շաքարային դիաբետի և ՏԲ-ի մեծ բեռ ունեցող երկրները պետք է առավել ուշադրություն դարձնեն հիվանդությունների նմանատիպ համակցմանը և դրանց բուժմանը: Ըստ կանխատեսումների՝ շաքարային դիաբետի տարածվածությունը արագորեն աճում է՝ ընդգրկելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները, և շատ հավանական է, որ դիաբետը որպես ՏԲ-ի կարևոր ռիսկի գործոն առաջ կանցնի Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ):