Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը հրատարակել է հոդված` 1988թ. երկրաշարժին հաջորդած հետտրավմատիկ սթրեսի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեանի անվան Հանրային առողջապահության ֆակուլտետր (ՀԱՖ) վերջերս հրատարակել է «Հետտրավմատիկ սթրեսը Հայաստանի 1988թ. Սպիտակի երկրաշարժից 23 տարի անց» վերնագրված հոդված` “Journal of Traumatic Stress” ամսագրում, որը բարձրակարգ, գրախոսվող գիտական պարբերականներից մեկն է տրավմատիկ սթրեսի ասպարեզում: Պարբերականը հրատարակվում է Տրավմատիկ սթրեսի հետազոտությունների միջազգային հասարակայնության կողմից և հանդիսանում է տրավմայի կենսահոգեբանական ազդեցությունների միջառարկայական քննարկումների հարթակ:

Հոդվածը, որը հեղինակել են Արմէն Գոէնջեանը, Վահե Խաչադուրյանը, Յարութիւն Արմէնեանը, Անահիտ Դեմիրճյանը և Ալան Սթեյնբերգը, նպատակ է հետապնդում պարզել, թե արդյո՞ք 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած մարդիկ դեռևս տառապում են հետտրավմատիկ սթրես հիվանդությամբ (ՀՏՍՀ) և, եթե այո, ապա արդյո՞ք ՀՏՍՀ հաճախականությունն ու ծանրության աստիճանը շարունակում են արտացոլել երկրաշարժի պատճառած վնասի չափը տվյալ անհատին: Ի լրումն, հետազոտությունն ուսումնասիրել է, թե նախա-, շուրջ-, և հետերկրաշարժային հատկանիշներից որո՞նք են հանդիսանում ՀՏՍՀ հնարավոր կանխորոշիչներ: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

  • ՀՏՍՀ ցուցանիշները զգալիորեն նվազել են աղետից հետո, սակայն երկրաշարժով պայմանավորված ՀՏՍՀ-ն հարատևել է աղետի ենթարկված մարդկանց որոշակի հատվածի մոտ:
  • Երկրաշարժից մեծապես տուժած մասնակիցների շրջանում ՀՏՍՀ-ն հարատևել է ավելի հաճախ:
  • Աղետից 23 տարի անց ՀՏՍՀ կանխորոշիչները ներառել են՝ ընկճախտը վաղ հետ-երկրաշարժային շրջանում, երկրաշարժից հետո այլ տրավմաների ենթարկվելը, երկրաշարժով պայմանավորված աշխատանքի կորուստը և քրոնիկական հիվանդությունները` երկրաշարժից ի վեր:

Այս հոդվածը վերջինն է այն հոդվածների շարքում, որոնք հրատարակվել են Հետերկրաշաժային հոգեախտաբանական հետազոտության (ՀԵՀԱՀ) շրջանակներում: Վերջինս հետևել է 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրածների մի զանգվածի` ավելի քան երկու տասնամյակի ընթացքում: Սա բացառիկ համաճարակաբանական հետազոտություն է, որը առաջընթացիկ հսկողության մեջ է պահել երկրաշարժը վերապրած մարդկանց և հետազոտել է ՀՏՍՀ ցուցանիշները նրանց մոտ` երկար ժամանակահատվածի ընթացքում: Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից ֆինանսավորված այս հետազոտության մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ: