Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետր վերջերս հրատարակել է «Ծխախոտային կախվածության բուժման արգելքները բժիշկների տեսանկյունից. խառը մեթոդով հետազոտություն` առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների շրջանում» վերնագրով հոդված «Առաջնային բուժօգնության հետազոտություն և զարգացում» (Primary Health Care Research & Development) գիտական պարբերականում: Պարբերականը տպագրում է հանրային առողջապահության մասին գիտական, գործնական և փիլիսոփայական հոդվածներ աշխարհի տարբեր երկրներից:
Ամփոփագիր
Հոդվածը, որը հեղինակել են Արուսյակ Հարությունյանը, Արմինե Աբրահամյանը, Վարդուհի Հայրումյանը և Վարդուհի Պետրոսյանը նպատակ ունի ներկայացնելու այն արգելքները, որոնք առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների կարծիքով խոչընդոտում են ծխախոտային կախվածության բուժման տրամադրումն իրենց հիվանդներին:
Սույն հետազոտությունն իրականացվել է 2015-2016թթ.-ին Երևան և Գյումրի քաղաքների ԱԱՊ օղակում աշխատող բժիշկների շրջանում՝ հինգ խմբային քննարկումների (n= 23) և հարցումների (n=108) միջոցով:
Հետազոտության արդյունքում բացահայտված խոչընդոտները դասակարգվել են որպես բուժաշխատողներին, հիվանդներին և առողջապահական համակարգին առնչվող գործոններ:
Բուժաշխատողներին առնչվող հիմնական խոչընդոտները ծխախոտային կախվածության վերաբերյալ վերապատրաստման և համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայությունն էր: Հիվանդների կողմից ծխելը դադարեցնելու անպատրաստակամությունը, բուժմանը ոչ հետևողական լինելը և ծխելը դադարեցնելիս դիտվող զրկանքի ախտանշանները բացահայտվել են որպես հիվանդներին առնչվող խոչընդոտներ: Առողջապահական համակարգին առնչվող արգելքները ներառում էին ծխելը թողնելուն ուղղված խորհրդատվություն տրամադրելու համար լրացուցիչ ֆինանսական փոխհատուցման բացակայությունը, ծխախոտային կախվածության բուժման դեղորայքի բարձր գինը և հասանելիության ցածր մակարդակը:
Հետազոտության արդյունքներիի հիման վրա հեղինակները կատարել են հետևյալ հիմնական առաջարկությունները:
- բարելավել ԱԱՊ օղակի բուժաշխատողների ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ գիտելիքները ու հմտությունները,
- իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ՝ ծխողների շրջանում ծխելը դադարեցնելու մեթոդների, մասնավորապես դեղորայքային բուժման վերաբերյալ,
- բարձրացնել հիվանդների շրջանում ծխելը դադարեցնելուն ուղղված մասնագիտացած ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվորեն աշխատում է զարգացնելու բնակչության առողջության և առողջապահության ծառայությունները Հայաստանում և տարածաշրջանում՝ հանրային առողջապահության մասնագետների միջդիսցիպլինար ուսուցման և զարգացման միջոցով, ովքեր հանդիսանում են առաջնորդներ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման և առողջապահական խնամքի ապահովման և կառավարման ոլորտներում: