Ծխողների և չծխողների շրջանում ծխախոտի ծխից ազատ քաղաքականության և այդպիսի քաղաքականությանը կողմ և դեմ ուղերձների ընկալումը Հայաստանում և Վրաստանում

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ Վարդուհի Հայրումյանը (MPH ‘16) և Ժաննա Սարգսյանը (MPH ‘18) վերջերս համահեղինակել են «Ծխողների և չծխողների շրջանում ծխախոտի ծխից ազատ քաղաքականությունների և այդպիսի քաղաքականություններին կողմ և դեմ ուղերձների ընկալումը Հայաստանում և Վրաստանում» (“Smokers’ and Nonsmokers’ Receptivity to Smoke-Free Policies and Pro- and Anti-Policy Messaging in Armenia and Georgia”) վերնագրով հոդված International Journal of Environmental Research and Public Health (թարգ․՝ Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային պարբերական) գիտական պարբերականում։ Պարբերականը միջդիսցիպլինար, միջազգային, գրախոսվող գիտական պարբերական է, որը տպագրվում է առցանց ամսական երկու անգամ։

Հոդվածը տպագրվել է «Հայաստանի և Վրաստանի համայքներում ծխախոտի ծխից ազատ գոտիների ստեղծում՝ ռանդոմիզացված հետազոտություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Էմորի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆոգարթի միջազգային կենտրոնի աջակցությամբ։ Ծրագրի Հայաստանյան գործընկերներն են Հայաստանի առղջապահության նախարարության Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ծրագրի նպատակն է նպաստել համայնքներում ծխախոտի ծխից ազատ գոտիների ստեղծմանը և երկրորդային ծխի ազդեցության նվազեցմանը՝ ներգրավելով տեղական համայնքների ներկայացուցիչներին և համայքներում իրականացնելով կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Հոդվածը նպատակ ուներ գնահատելու տարբեր վայրերում ծխախոտի և նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի կամ տաքացվող ծխախոտային արտադրատեսակների ծխից ազատ քաղաքականության վերաբերյալ հանրության աջակցությունը և այդպիսի քաղաքականությանը կողմ և դեմ ուղերձների համոզիչ լինելու աստիճանը։ Ռանդոմիզացված հետազոտությունը իրականացվել է Հայաստանի (n=705) և Վրաստանի (n=751) 28 համայնքներում․ երկու երկրներն էլ ունեն ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշներ՝ հատկապես տղամարդկանց շրջանում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծխախոտի ծխից ազատ քաղաքականությանը առավել շատ աջակցում են կանայք, չծխողները և ծխողները, ովքեր ավելի քիչ են ծխում և մտածում են ծխելը թողնելու մասին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում և Վրաստանում կան մի շարք ակնառու տարբերություններ ծխախոտի ծխից ազատ քաղաքականության հանրային աջակցության և այդպիսի քաղաքականությանը կողմ և դեմ ուղերձների համոզիչ լինելու վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի քաղաքացիները կողմ են ծխախոտի ծխից ազատ քաղաքականությանը, մասնավորապես՝ առողջապահական, կրոնական, կառավարական հաստատություններում, աշխատավայրերում, հասարակական տրանսպորտում, դպրոցներում և երեխաներ տեղափոխող տրանսպորտային միջոցներում: Այս հետազոտությունը իրականցվել է 2018 թվականի աշնանը։ Հարկ է նշել, որ Վրաստանը 2017-2018 թվականներին, նախքան այս հետազոտությունը, ընդունել էր ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն, մինչդեռ նմանատիպ օրեսնդրություն Հայաստանում Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2020 թվականին։

Հետազոտությունն ընդգծեց չծխողների շահերի պաշտպանության ջանքերի կարևորությունը, որոնք պետք է ուղղված լինեն շեշտադրելու ծխախոտի ծխից ազատ քաղաքականության առողջության վրա ունեցած դրական ազդեցությունը։ Ավելին՝ ծխախոտի ծխից ազատ քաղաքականության վերաբերյալ հանրային աջակցության ուժեղացմանն ուղղված արշավները պետք է ընդգծեն մարդկանց առողջության և ծխից ազատ օդի իրավունքները և պետք է պայքարեն չծխողների համար նախատեսված տարածքների առանձնացման քաղաքականության դեմ՝ շեշտելով այդպիսի ռազմավարությունների անարդյունավետությունը. միայն համապարփակ արգելքն է արդյունավետ պաշտպանում մարդկանց առողջությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվորեն աշխատում է զարգացնելու բնակչության առողջության և առողջապահության ծառայությունները Հայաստանում և տարածաշրջանում՝ հանրային առողջապահության մասնագետների միջդիսցիպլինար ուսուցման և զարգացման միջոցով, ովքեր հանդիսանում են առաջնորդներ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման և առողջապահական խնամքի ապահովման և կառավարման ոլորտներում: