Հայաստանում կրծքով ճիշտ սնուցմանը խոչընդոտող գործոնների մասին

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի գիտաշխատողներ Անահիտ Դեմիրճյանը և Ծովինար Մելքոմ Մելքոմյանը հրատարակել են «Կրծքով ճիշտ սնուցման հիմնական խոչընդոտները Հայաստանում. որակական հետազոտություն» (Main barriers to optimal breastfeeding practices in Armenia: A qualitative study) խորագրով հոդված՝ «Journal of Human Lactation» («Մարդու կաթնարտադրության ամսագիր») միջազգային գրախոսվող պարբերականում, որը կրծքով կերակրման խորհրդատվության միջազգային միության պաշտոնական ամսագիրն է:

Հետազոտությունը կատարվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից իրականացված ընդգրկուն որակական հետազոտության հիման վրա: Վերջինիս նպատակն էր պարզել, թե ինչպիսի խնդիրներ և մտահոգություններ կան Հայաստանում՝ կապված երեխաների և հղի կանանց սնուցման կազմակերպման հետ: Հոդվածը ներկայացնում է այս հետազոտության արդյունքների այն մասը, որը վերաբերում է կրծքով ճիշտ սնուցմանը խոչընդոտող գործոններին: Այս խնդրի շեշտադրումը պատահական չէ, քանի որ հանրահայտ է, որ կրծքով ճիշտ սնուցումը մանկան կյանքի լավագույն սկզբի նախապայմանն է: Չնայած արդեն 1993թ. սկսած և մինչև 2000-ականների սկիզբը հաջողությամբ իրականացված Կրծքով սնուցման խրախուսման համակողմանի ազգային ծրագրին՝ 2015-2016թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը ցույց է տվել, որ բացառապես կրծքով սնուցման միջին տևողությունը Հայաստանում ընդամենը 2.2 ամիս է, և որ 4-5 ամսական երեխաների միայն 15%-ն է կերակրվում բացառապես կրծքի կաթով: Հեղինակներն օգտագործել են այս հետազոտությունը, որպեսզի այս ասպարեզում քաղաքականություն մշակողների ուշադրությունը հրավիրեն Հայաստանում կրծքով ճիշտ կերակրմանը խոչընդոտող գործոնների վրա:

Հետազոտությունն ուսումնասիրել է մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկաբույժների և մանկահասակ երեխաների մայրերի կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ: Իննսունինը մասնակիցներ Երևան քաղաքից և Շիրակի ու Լոռու մարզերից մասնակցել են նպատակային քննարկումների և խորացված հարցազրույցների՝ հետազոտությունը հարստացնելով քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց բազմաբնույթ փորձառությամբ և կարծիքների լայն սպեկտրով:

Հետազոտությունն ի հայտ է բերել կրծքով ճիշտ սնուցմանը խոչընդոտող գործոնների երկու մեծ խումբ՝ համակարգային թերություններ և գիտելիքի պակաս մայրերի ու բուժաշխատողների շրջանում: Համակարգային հիմնական խոչընդոտները եղել են կրծքով սնուցմանն աջակցող մասնագիտական ծառայությունների բացակայությունը երկրում և բուժաշխատողների անբավարար շահագրգռվածությունն այդ գործում՝ հաճախ պայմանավորված նրանց ծառայությունների ցածր փոխհատուցմամբ: Գիտելիքի հետ կապված հիմնական խոչընդոտները եղել են մայրերի անբավարար խորհրդատվությունը, մանկան սնուցման վերաբերյալ արդիական տեղեկության աղբյուրների պակասը, և կրծքով սնուցման հետ կապված մի շարք թյուրըմբռնումների մեծ տարածվածությունը ինչպես մայրերի, այնպես էլ՝ բուժաշխատողների շրջանում: Հետազոտության արդյունքում մշակվել են հանձնարարականներ, որոնք կարող են օգնել քաղաքականություն մշակողներին՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ Հայաստանում կրծքով սնուցման առկա իրավիճակը բարելավելու ուղղությամբ, դրանով իսկ՝ մանուկներին ապահովելով առողջ կյանքի լավագույն նախադրյալներով: