Քովիդ-19-ը և ծխախոտը․ փաստեր

ՔՈՎԻԴ-19-ը և ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը

Համավարակի սկզբնական շրջանում որոշ զեկույցներ պնդում էին, որ ծխողներն ավելի քիչ հավանականությամբ էին վարակվում ՔՈՎԻԴ-19-ով երբևէ ծխախոտ չօգտագործած անձանց համեմատ։ Նաև եղել էին պնդումներ՝ հիմնականում սոցիալական հարթակներում, թե իբր վեյփինգը (էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը) կարող է նույնիսկ պաշտպանել ՔՈՎԻԴ-19-ից։ Այս թյուր պնդումները մեծապես նպաստեցին էլեկտրոնային ծխախոտի օգտագործման տարածմանը և երիտասարդների շրջանում վեյփինգի համաճարակի ուժգնացմանը։ 

Ի պատասխան այս պնդումներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն հրապարակեց, որում կոչ էր անում զգուշավոր լինել և խուսափել չապացուցված և չափազանցված պնդումներ անելուց ՔՈՎԻԴ-19-ի ռիսկը նվազեցնելու գործում ծխելու կամ նիկոտինի ունեցած դերի վերաբերյալ ։ Ծխողների շրջանում ՔՈՎԻԴ-19-ի առավել կամ պակաս ռիսկից անկախ ծխելը ՔՈՎԻԴ-19-ի ընթացքը ծանրացնող բազմաթիվ ուղեկցող հիվանդությունների հիմնական պատճառն է և/կամ գլխավոր ռիսկի գործոնը։ 

Վերջերս հեղինակավոր գիտական հանդեսի հոդվածներից մեկում հեղինակներն ուշադրություն էին հրավիրում շահերի բախման խնդրի վրա և թե ինչպես է այն ազդում ՔՈՎԻԴ-19-ի և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վերաբերյալ հրապարակված հետազոտությունների  արդյունքների անաչառության վրա։ Հեղինակներն ընդգծում էին գիտնականների և ծխախոտային արդյունաբերության միջև առկա ֆինանսական կապերը։ Ուշադրության է արժանի մի հայտնի հոդված, որն իբր ցույց էր տվել, թե ՔՈՎԻԴ-19-ով հոսպիտալացված պացիենտների շրջանում ծխելու կարգավիճակի և անբարեհաջող ելքերի միջև կապ չկա, և թե իբրև ծխողները ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու զգալիորեն ավելի ցածր ռիսկ ունեն։ Մինչդեռ 2021 թվականի մարտին այս հոդվածը հետ կանչվեց այնհեղինակած գիտնականներից երկուսի չբացահայտված շահերի բախման պատճառով․պարզվել էր, որ հեղինակները թաքցրել էին իրենց ֆինանսական կապը ծխախոտային արդյունաբերության հետ։

ՔՈՎԻԴ-19 վարակի, հիվանդության ընթացքի և ելքերի կապը ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ

Կենսաբանորեն հավանական է, որ ծխողները և էլեկտրոնային ծխախոտր օգտագործողները կարող են ՔՈՎԻԴ-19-ի առավել բարձր ռիսկ ունենալ, որովհետև ծխախոտային արտադրատեսակների քրոնիկ օգտագործումը կարող է թուլացնել շնչառական համակարգը և իմուն պատասխանը։ 

Ծխելը ՔՈՎԻԴ-19 հիվանդությանծանր ընթացքին և անբարենպաստ ելքերին նպաստող մի շարք ուղեկցող հիվանդությունների (օր.՝ սիրտանոթային հիվանդություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, տիպ 2 շաքարային դիաբետ, ճարպակալում) հիմնական պատճառը և/կամ ռիսկի գործոնն է։ 

Տարբեր հետազոտությունների հակասական և անորոշ արդյունքների մեծամասնությունը պայմանավորված է այդ հետազոտությունների մասնակիցների շրջանում ծխելու կարգավիճակի ոչ լիարժեք գրանցումով։ Վերջինս հանգեցնում է ծխախոտի օգտագործման տարածվածության առավել «ցածր» ցուցանիշների` համեմատած բնակչության ծխելու իրական ցուցանիշների հետ։  Այս դիտարկումն ընդգծում է առավել լավ մշակված ուսումնասիրությունների անհրաժեշտությունը, որոնք կկարողանան ապահովել հուսալի տվյալներ և համոզիչ արդյունքներ:

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութեր․ նկատառումներ ծխախոտային արտադրատեսակներ օգտագործողների համար

Ըստ հետազոտության տվյալների՝ չծխողների համեմատ ծխողներն  ավելի հակված են հավատալու ՔՈՎԻԴ-19-ի դեմ նիկոտինի ունեցած պաշտպանիչ ազդեցությանը։ Սա կարող է հանգեցնել  ծխողների՝ պատվաստվելու հանդեպ վստահության պակասի և  պատվաստվելու առավել ցածր պատրաստակամության։

Քանի որ ծխողների շրջանում ՔՈՎԻԴ-19-ին նախատրամադրող հիվանդություններն առավել տարածված ենև միևնույն ժամանակ ծխողները պատկանում են պանդեմիայի պատճառով ամենաշատը տուժած սոցիալական խմբերին, պատվաստվելու նկատմամբ անվստահությունը կարող է խորացնել առողջապահական համակարգում առկա անհասավարությունները

Ամփոփում

Ներկայումս ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ՔՈՎԻԴ-19 վարակի միջև կապի մասին ապացույցները «լիարժեք» չեն, սակայն մեծ տեմպով աճում են։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ ծխողները վարակվելու դեպքում առավել մեծ հավանականությամբ կունենան լուրջ hետևանքներ։ 

Ներկայումս՝ ծխողների համար հիմնական ուղերձը  ծխելը թողնելու մասին լրջորեն մտածելն է, , քանզի դա կնպաստի անցանկալի ելքերի հավանականության նվազեցմանը։ Եվ վերջապես  մենք պետք է լավատեղյակ լինենք ՔՈՎԻԴ-19-ի և ծխելու վերաբերյալ հետազոտություններում ծխախոտային արդյունաբերության ներգրավվածության՝ այդ թվում ֆինանսական, և շահերի բախման մասին, ինչը արհեստականորեն տպավորություն է ստեղծում, թե հակասություններն ավելի շատ են որոշ հարցերի շուրջ, քան իրականում կան ոչ կոնֆլիկտային հետազոտություններում։ 

Աղբյուրը՝

Ahmad Besaratinia, COVID-19: a pandemic converged with global tobacco epidemic and widespread vaping—state of the evidence, Carcinogenesis, Volume 42, Issue 8, August 2021, Pages 1009–1022, https://doi.org/10.1093/carcin/bgab061