Քովիդ-19 պատվաստանյութերը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ

Քովիդ-19-ի դեմ պատվաստումն անվտանգ է  բոլոր այն կանանց և նրանց զուգընկերների համար, ովքեր ներկայումս կամ ապագայում պլանավորում են հղիություն: Դեռևս չկա որևէ ապացույց այն մասին, որ Քովիդ-19-ի դեմ առկա պատվաստանյութերի բաղադրիչները կամ հետպատվաստումային հակամարմինները կարող են հանգեցնել անպտղության: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ կանայք Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո հղիացել են: Ավելին, վերջերս հրապարակված հետազոտություններից մեկը փաստում է, որ պատվաստված կանանց դեպքում բարեհաջող հղիանալու հավանականությունը նույնն է ինչ չպատվաստված կանանց դեպքում:

Նախնական ապացուցողական տվյալները հաստատում են, որ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են նաև հղիների շրջանում: Պատվաստված հղիները ունենում են հղիության նույնանման ելքեր, ինչ չպատվաստվածները, և չկա հղիության վիժումների ավելի բարձր ռիսկ պատվաստման հետևանքով: Միևնույն ժամանակ, պատվաստման հետևանքով գրանցված կողմնակի ազդեցությունները չեն տարբերվում իրենց տեսակով և հաճախականությամբ հղիների և ընդհանուր բնակչության շրջանում:

Ամփոփումն արված է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Քովիդ-19 պատվաստանյութերը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ» (“COVID-19 Vaccines for People Who Would Like to Have a Baby”) զեկույցի հիման վրա (վերջին անգամ թարմացվել է դեկտեմբերի 6-ին, 2021 թ.):