ՔՈՎԻԴ-19 և գրիպ

Գրիպը և ՔՈՎԻԴ-19-ը՝ կորոնավիրուսային համավարակ հարուցած հիվանդությունը, վարակիչ շնչառական հիվանդություններ են։ Չնայած ՔՈՎԻԴ-19-ի և գրիպի ախտանիշների նմանությանը՝ այս երկու հիվանդությունները հարուցվում են տարբեր վիրուսներով։

Երկու հիվանդություններն էլ ունեն նման ախտանիշներ, փոխանցման ուղի, և կանխարգելման ու վերահսկման եղանակներ, երկուսի կանխարգելման համար էլ գոյություն ունեն հասանելի պատվաստանյութեր։

 

Հարուցիչը

ՔՈՎԻԴ-19` հարուցվում է SARS-CoV-2 վիրուսով։ Կան տարբեր  SARS-CoV-2-ներ, որոնք որոշակի տարբերություններ ունեն հիվանդության ծանրության և վարակելիության առումով։

Գրիպ՝ հարուցվում է ինֆլուենզա վիրուսով։ Գոյություն ունի ինֆլուենզա վիրուսի երկու տեսակ՝ ինֆլուենզա A և ինֆլուենզա B։ Ամեն տարի ինֆլուենզա A-ի և ինֆլուենզա B-ի տարբեր շտամներ են շրջանառվում։

Ախտանիշները

ՔՈՎԻԴ-19՝ կորոնավիրուսով վարակվածներից շատերն իրենց հիվանդ չեն զգում կամ միայն մեղմ ախտանիշներ ունեն, սակայն նրանք կարող են փոխանցել վարակը այլ մարդկանց։

ՔՈՎԻԴ-19-ը երբեմն կարող է համի (անգեզիա) կամ հոտի (անօսմիա) հանկարծակի կորստի պատճառ դառնալ։ Սա գրիպի դեպքում հազվադեպ երևույթ է, սակայն կարող է ի հայտ գալ վիրուսի որոշ շտամների դեպքում։

Գրիպ՝ գրիպը սովորաբար մարդու համի կամ հոտի զգացողության վրա ազդեցություն չի ունենում, սակայն մնացած առումներով դրա շատ ախտանիշներ համանման են ՔՈՎԻԴ-19-ին։ Հազվադեպ, ինչպես օրինակ 1918 թվականի գրիպի համավարակի ժամանակ, գրիպի որոշ շտամներ կարող են հանգեցնել համի կամ հոտի կորստի։ 

Բուժումը

Մինչդեռ տարբեր բուժումներ կարող են կիրառվել ՔՈՎԻԴ-19-ի և գրիպի դեմ, երկուսի դեպքում էլ բուժումն ուղղված է ախտանիշների մեղմացմանը, օրինակ՝ տենդի իջեցմանը։ Ծանր դեպքերում կարող է հոսպիտալացում պահանջվել, շատ ծանր պացիենտները կարող են թոքերի արհեստական օդափոխության կարիք ունենալ։ Որոշ պացիենտների համար դեղերը կարող են օգնել նվազեցնել ախտանիշները և կարճացնել ՔՈՎԻԴ-19-ի կամ գրիպի տևողությունը։

ՔՈՎԻԴ-19՝ ՔՈՎԻԴ-19-ի բուժումը կախված է հիվանդության ծանրությունից։ Ավելի մեղմ հիվանդության դեպքում տանը հանգիստ մնալը և ջերմիջեցնողներ ընդունելը հաճախ բավարար են։ Ավելի ծանր դեպքերը հնարավոր է հոսպիտալացման կարիք ունենան, բուժումը կներառի ներերակային դեղորայք, թթվածնային թերապիա, օժանդակ օդափոխություն և այլ աջակցող միջոցներ։  

Գրիպ՝ բերանացի հակավիրուսային դեղերը կարող են մեղմացնել ախտանիշները և երբեմն կարճացնել հիվանդության տևողությունը։ Քանի որ այդ դեղորայքը բերանացի է տրվում, այդ հակավիրուսային բուժումները կարող են պացիենտներին նշանակվել տանը կամ հիվանդանոցում։

Բարդությունները

ՔՈՎՒԴ-19՝ ՔՈՎԻԴ-19-ից հետո բարդությունների զարգացումը հնարավոր է, ներառյալ՝ թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի և այլ օրգանների երկարաժամկետ վնասումը և բազմաթիվ երկարատև ախտանիշները։

Գրիպ՝ գրիպի բարդությունները կարող են ընդգրկել սրտի (միոկարդիտ) կամ մկանների (միոզիտ, ռաբդոմիոլիզ) բորբոքումը և բազմաօրգան անբավարարությունը։ Գրիպին կարող են հաջորդել բակտերիալ վարակները, մասնավորապես՝ թոքաբորբը։

Վարակները

ՔՈՎԻԴ-19՝ առաջին դեպքերն ի հայտ եկան Չինաստանում 2019 թվականի վերջին, ԱՄՆ-ում առաջին հաստատված դեպքն ի հայտ եկավ 2020 թվականի հունվարին։

Գրիպ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ ողջ աշխարհում ամեն տարի մեկ միլիարդ մարդ գրիպով է հիվանդանում։

Մահերը

ՔՈՎԻԴ-19՝ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ աշխարհում ավելի քան 6.6 միլիոն մարդ է մահացել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով։ 

Գրիպ՝ ըստ ԱՀԿ-ի գնահատման՝ աշխարհում ամեն տարի գրիպից 290.000-650.000 մարդ է մահանում։

ՔՈՎԻԴ-19-ի  իրավիճակը շարունակում է փոփոխվել։ Բժիշկները և գիտնականներն աշխատում են ՔՈՎԻԴ-19-ի մահացությունը գնահատելու ուղղությամբ։ Ներկայումս կարծում են, որ այն զգալիորեն բարձր է (հնարավոր է 10 և ավելի անգամ) գրիպի վիրուսի շտամների մեծ մասի համեմատ։

Նախազգուշական միջոցառումներ․ ի՞նչ անել 

  1.     Ժամանակին պատվաստվեք ՔՈՎԻԴ-19-ի դեմ։ Այցելեք Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոնի կայք պատվաստումների վերաբերյալ մանրամասների համար։
  2.     Պատվաստվե’ք գրիպի դեմ։ Նույնիսկ եթե սովորաբար բաց եք թողնում գրիպի դեմ պատվաստումը, այժմ հատկապես կարևոր է այն ստանալը՝ շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ 
  3.     Մի’ մոռացեք երեխաների մասին։ Կարևոր է ապահովել Ձեր երեխաների գրիպի դեմ պատվաստումը (6 ամսականից մեծ), ինչպես նաև մնացած նախատեսված պատվաստումները։
  4.     Հոգ տարեք Ձեր և Ձեր ընտանիքի մասին, ապահովելով լավ սնուցում, շատ հանգիստ, պաշտաճ քանակի ջուր, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն և սթրեսի կառավարում։ Եվ միշտ տանը մնացեք լավ չզգալու պարագայում։
  5.     Շարունակեք պաշտպանել Ձեզ կորոնավիրուսից։ Չնայած նրան, որ հոգնել եք կորոնավիրուսային նախազգուշական միջոցառումներին հետևելուց (հաճախ լվանալ ձեռքերը, մաքրել և վարակազերծել, դիմակ կրել, ֆիզիկական հեռավորություն պահպանել), անհրաժեշտ է դրանք շարունակել և Ձեր ընտանիքի անդամներին էլ խրախուսել։

  

Աղբյուրը՝

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/coronavirus-disease-2019-vs-the-flu