Կարմրուկի դեմ պատվաստվելու անվճռականության հանրային առողջապահական և տնտեսական հետևանքներն ԱՄՆ-ում

ԱՄՆ այն տարածաշրջաններում, որտեղ թույլատրվում է մանկական համընդհանուր պատվաստումներից ազատվել ոչ բժշկական պատճառներով, օրինակ՝ անձնական համոզմունքների հիման վրա, երեխաների ընդգրկումը պատվաստումներում զգալիորեն նվազում է: Պաստվաստվելու անվճռականությունը սահմանվում է որպես տվյալ պատվաստման  հասանելիության պայմաններում դրա մերժում կամ հետաձգում՝ պայմանավորված անձնական համոզմունքներով: Երեխային պատվաստելու կամ չպատվաստելու վերաբերյալ ծնողների որոշման վրա ազդում են տարբեր, հաճախ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված գործոններ։ Սակայն ոչ հազվադեպ այդ որոշման վրա ազդում է ապատեղեկատվությունը՝ կեղծ պնդումները պատվաստումների վտանգավորության և տվյալ հիվանդությամբ վարակվելու ցածր ռիսկի մասին։ 

Իսկ ինչպե՞ս է պաստվաստվելու անվճռականությունն ազդում կարմրուկի դեպքերի տարեկան թվի և այդ դեպքերը հաղթահարելու համար պահանջվող ծախսերի վրա։ Այս հարցին պատասխանելու համար ԱՄՆ-ում իրականացվել է հետազոտություն՝ 2-11 տարեկան երեխաների շրջանում: Հետազոտության համար օգտագործվել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հանրայնորեն հասանելի տվյալները՝  2-11 տարեկան երեխաների շրջանում կարմրուկի, կարմրախտի և խոզուկի (ԿԿԽ) պատվաստումների ծածկույթն ըստ ԱՄՆ վարչատարածքային շրջանների մոդելավորելու նպատակով։ Կարմրուկի մեկ դեպքի վրա կատարվող ծախսի չափը վերցվել է համապատասխան գիտական գրականությունից, ըստ որի՝ 2016թ․ԱՄՆ պետական առողջապահական հատվածի՝ կարմրուկի մեկ դեպքին ընկնող ծախսը կազմել է 20 000 ԱՄՆ դոլար։ Վերջինս ներառել է առողջապահական հատվածի տեղական և համապետական ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի աշխատավարձն ու ժամավճարները, կոնտակտավորների հայտնաբերումը, տրանսպորտը, լաբորատոր քննությունները, պատվաստումները և այլ ծախսեր։ Հետազոտողները գնահատել են կարմրուկի դեպքերի տարեկան թիվը Միացյալ Նահանգներում և դրա հետ կապված պետական հատվածի ծախսերը՝ պատվաստվելու անվճռականության աճի պայմաններում: Նրանք նաև հաշվարկել են պատվաստվելու անվճռականության աճով պայմանավորված մանկական պատվաստումների ծածկույթի նվազման ազդեցությունը կարմրուկի բռնկումների վրա։ ԱՄՆ-ում 2-11 տարեկան երեխաների շրջանում ԿԿԽ պատվաստումների ելակետային ծածկույթը եղել է 93%, իսկ ոչ բժշկական ցուցումներով պատվաստումից ազատումները՝ 2%։ Պատվաստվելու անվճռականության աճին համընթաց՝ ԿԿԽ պատվաստումների ծածկույթը նվազել է, իսկ կարմրուկի տարեկան դեպքերի քանակն ու դրանց հետ կապված տնտեսական ծախսերը՝ ավելացել (Գրաֆիկ): Հաշվարկվել է, որ ԱՄՆ-ում 2-11 տարեկան երեխաների՝ ԿԿԽ պատվաստումների ծածկույթի 5%-ով նվազումը կհանգեցնի կարմրուկի դեպքերի եռակի աճի նրանց շրջանում, որը կպահանջի հավելյալ 2.1 միլիոն դոլարի ծախս՝ առողջապահության հանրային հատվածից (Գրաֆիկ): Ընդ որում՝ բռնկումների չափերը կաճեն պատվաստումների նվազող ծածկույթին համընթաց։ ԿԿԽ ծածկույթը ԱՄՆ-ում հնարավոր է եղել հասցնել 95%-ի՝ առանց բժշկական ցուցումների երեխաներին պատվաստումներից չազատելու գործելակերպի շնորհիվ։ Կանխատեսվում է, որ այս գործելակերպը շարունակելը կարող է կարմրուկի դեպքերը կրճատել տարեկան 20%-ով, որն արդյունավետորեն կնվազեցնի նաև ծախսերը։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ պատվաստումների ծածկույթի հետագա անկման սցենարների դեպքում կարմրուկի մեծ բռնկումների առաջացման սպառնալիքը դեռևս էական է երեխաների շրջանում` չնայած տարածված հանրային ընկալմանը, որ կարմրուկն այլևս ԱՄՆ երեխաների համար վտանգ չի ներկայացնում: Ավելին, գիտական գրականությունը հստակ ապացուցել է ԿԿԽ և այլ պատվաստանյութերի անվտանգությունը, նաև՝ ԿԿԽ պատվաստման և աուտիզմի զարգացման միջև որևէ կապի բացակայությունը։ Ի լրումն, ԿԿԽ պատվաստման ծածկույթի մեծ կրճատումները կարող են նպտաստել, որ կարմրուկը նորից էնդեմիկ դառնա, որը կարող է հանգեցնել կարմրուկի տարեկան հազարավոր դեպքերի:

Այսպիսով, պատվաստվելու անվճռականության հետևանքով ԿԿԽ ծածկույթի նույնիսկ փոքր անկումը կարող է հանգեցնել առողջապահական և տնտեսական զգալի ծախսերի: Այս հետևությունը պետք է առանցքային նշանակություն ունենա երեխաների պատվաստումների վերաբերյալ կառավարությունների կողմից ցանկացած քաղաքականության որդեգրման գործում։    

Աղբյուր՝

Lo NC, Hotez PJ. Public Health and Economic Consequences of Vaccine Hesitancy for Measles in the United States. JAMA Pediatr. 2017;171(9):887–892. doi:10.1001/jamapediatrics.2017.1695