Տեսողության հետ կապված կյանքի որակը Արցախի չափահաս բնակչության շրջանում (ամփոփագիր)

 

ՀԱՀ Թրփանճեան Հանրային Առողջապահության ֆակուլտետի Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության ինստիտուտը հրատարակել է «Տեսողության հետ կապված կյանքի որակը և դրա վրա ազդող գործոնները Արցախի չափահաս բնակչության շրջանում» վերնագրով հոդվածը Հանրային Առողջապահություն միջազգային գիտական ամսագրում:

Հանրային Առողջապահություն միջազգային գիտական ամսագիրը, որի հոդվածները անցնում են մասնագիտական քննություն և վերանայում, տպագրում է հանրային առողջապահության մասին գիտական, գործնական և փիլիսոփայական հոդվածներ աշխարհի տարբեր երկրներից:

Այս հոդվածը Արցախի Հանրապետությունում կատարված ծրագրի մասին է: Տեսողության խանգարումները և կուրությունը հանրային առողջապահական հիմնական խնդիրներից են, որոնք կյանքը դարձնում են խնդիրներով լի, կարող են հանգեցնել հաշմանդամության, ազդել աշխատունակության վրա և բացասական ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի որակի վրա:  Այս հետազոտությունն ուսումնասիրել է այն գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ տեսողությամբ պայմանավորված կյանքի որակի վրա Արցախի չափահաս բնակչության շրջանում: Ինչպես նաև գնահատվել է, թե ինչքանով է աչքի որոշակի հիվանդությունների առկայությունը ազդում տեսողությամբ պայմանավորված կյանքի որակի վրա:

2014-2015 թթ., Արցախ Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների չափահաս բնակչության շրջանում անցկացվել են հարցազրույցներ և անվճար ակնաբուժական զննումներ: Հարցաշարը ներառել է հարցեր սոցիալ-ժողովրդագրական, ոչ վարակիչ հիվանդությունների, ակնաբուժական ծառայություններից օգտվելու, տեսողության սրության, աչքի հիվանդությունների և տեսողությամբ պայմանավորված կյանքի որակի վերաբերյալ: Տեսողությամբ պայմանավորված կյանքի որակը  գնահատելու համար օգտագործվել է ԱՄՆ ազգային ակնաբուժության ինստիտուտի տեսողության գործունեության հարցաշարը – 25 (ՏԳՀ -25): Հետազոտությանը մասնակցել է 531 չափահաս մարդ:

Հետազոտության մասնակիցները եղել են 18-ից մինչև 90 տարեկան; միջին տարիքը եղել է 60.1 տարի (ստանդարտ շեղում [SD] = 13.7): Մասնակիցների մեծ մասը եղել են կանայք (71.4%): Կատարակտը եղել է ամենահաճախ հանդիպող հիվանդությունը (33.8%): Տեսողության միջին և ծանր խանգարումների տարածվածությունը համապատասխանաբար կազմել է 7.0% և 0.8%: Մասնակիցների գրեթե 2.8% -ը (15) կույր են եղել: ՏԳՀ -25-ի միջին ցուցանիշը բոլոր մասնակիցների համար կազմել է 71.1 ± 19.28 (SD), մինչդեռ կյանքի որակի միջին ցուցանիշը տեսողական խանգարումներ չունեցողների, տեսողական խանգարումներ ունեցողների և կույր մասնակիցների շրջանում կազմել է 74.0 ± 16.47 (SD), 51.7 ± 21.77 (SD) և 30.9 ± 20.2 (SD):

Հետազոտության տվյալների անալիզը ցույց է տվել, որ տեսողության միջին և ծանր խանգարումներ կամ կուրություն ունենալը, տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և աչքի հիվանդությունները, ինչպիսիք են գլաուկոման և կատարակտը, զգալիորեն առնչվում են կյանքի որակի՝ ՏԳՀ -25 ընդհանուր ցուցանիշի հետ:  Վերլուծության համաձայն՝ ՏԳՀ -25-ի հետևյալ կոմպոնենտները՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, պերիֆերիկ (ծայրամասային) տեսողությունը, գործողությունների սահմանափակումը և հոգեկան առողջությունը նշանակալիորեն կապված են տեսողության  ծանր և միջին խանգարումների առկայության հետ: Տեսողության խանգարումները և սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները հաշվի առնելուց հետո էլ, այն մասնակիցները ովքեր ունեին կատարակտ  և գլաուկոմա հիվանդությունները նրանք ունեին տեսողությամբ պայմանավորված կյանքի որակի զգալիորեն ավելի ցածր ցուցանիշ, քան այն մասնակիցները, ովքեր չունեին աչքի նշված հիվանդությունները:

Մեր տվյալները ցույց են տալիս, որ տեսողության խանգարումները անմիջական կապ ունեն տեսողության հետ կապված կյանքի որակի ցածր ցուցանիշների հետ: Այդ կապի ուժգնությունը ուղիղ համեմատկան է տեսողության խանգարման աստիճանի հետ (միջին և ծանր խանգարումներից մինչև կուրություն): Համաձայն  հետազոտության արդյունքների՝ տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և աչքի հիվանդությունները, ինչպիսիք են գլաուկոման և կատարակտը, նույնպես ազդում են տեսողության հետ կապված կյանքի որակի վրա: Միջոցառումներ են անհրաժեշտ, որ Արցախի բնակչությունը ունենա կանոնավոր հասանելիություն ակնաբուժական ծառայությունների, որոնք կարող են կանխել տեսողական խանգարումների բարդությունները և կուրությունը և լավացնել բնակչության կյանքի որակը:

Ամբողջական հոդվածը “Harutyunyan T, Giloyan A, Petrosyan V. Factors associated with vision-related quality of life among the adult population living in Nagorno Karabagh. Public Health 153 (December 2017) 137-146. DOI: http://dx.doi.org/10.1016/j.puhe.2017.09.004” անգլերեն է և հասանելի է հետևյալ հղումով :