Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելի մշակումը․ Առողջապահական գրանցումների էլեկտրոնային համակարգը բժիշկների տեսանկյունից

ՀԱՀ Հանրային Առողջապահության ֆակուլտետի շրջանավարտ (2013թ․) Մհեր Բեգլարյանը հրատարակել է «Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելի մշակումը․ Առողջապահական գրանցումների էլեկտրոնային համակարգը հիվանդանոցում աշխատող բժիշկների տեսանկյունից» վերնագրով հոդված Բժշկական ինֆորմատիակայի միջազգային ամսագրում։ Հոդվածը հիմնված է իր մագիստրոսական թեզի վրա։

Բժշկական ինֆորմատիակայի միջազգային ամսագիրը առողջապահական ինֆորմատիկայի ոլորտում ամենահարգի գիտական ամսագրերից է։ Ամսագրի նպատակն է լուսաբանել առողջապահական միջավայրում տեղեկատվական համակարգերին առնչվող խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ՏՏ լուծումների կազմակերպական, տնտեսական, սոցիալական և կլինիկական ազդեցությունները առողջապահության վրա։

Հրատարակված հոդվածը ուսումնասիրում է Հայաստանում առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի* գործարկման հնարավոր խոչընդոտները բժիշկների տեսանկյունից, առանձնացնում է բժիշկների կողմից տեխնոլոգիայի ընդունելիության գլխավոր որոշիչ գործոնները և մեկտեղում է անհատակենտրոն և միջավայրակենտրոն տեսական մոտեցումները։ Արդյունքում մշակված Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելը ի մի է բերում առողջապահության երեք գլխավոր հենասյուները՝ հիվանդներին, բժիշկներին և հիվանդանոցները։ Մոդելն առանձնանում է առավել ուժեղ բացատրելու և կանխատեսելու կարողությամբ՝ համեմատած ներկայումս լայն կիրառում ունեցող Տեխնոլոգիայի ընդունելիության մոդելի հետ։

Հոդվածի համահեղինակներն են Վարդուհի Պետրոսյանը, ՀԱՀ Թուրպանճեան Հանրային առողջապահության Ֆակուլտետ և Էդվարդ Բունկերը, ԱՄՆ Ջոն Հոփկինս Համալսարանի բժշկական ֆակուլտետի Բժշկագիտաական ինֆորմատիկայի բաժին։
Հետազոտությունը հիմնված է Երևանի հիվանդանոցներում աշխատող 233 բժշկի հետ անց կացված հարցումների վրա։ Վերլուծությունը կատարվել է ESEM (employed exploratory structural equation modeling) եղանակով։

Ստացված մոդելն առանձնացնում է նոր տեխնոլոգիան օգտագործողի վարքային մտադրությունը որոշող հետևյալ ուղղակի գործոնները՝ պրոեկցված կոլեկտիվ օգտակարություն, անհատական նորարականություն, պացիենտի ազդեցություն և փոփոխության դիմադրություն։ Հոդվածը նաև լուսաբանում է առողջապահության մասնակիցների փոխկապակցվածությունը և առողջապահության և տեխնոլոգիայի բարդ փոխազդեցությունները։

Ամբողջական հոդվածը “Beglaryan, M., V. Petrosyan, and E. Bunker, Development of a tripolar model of technology acceptance: Hospital-based physicians’ perspective on EHR. International Journal of Medical Informatics, 2017. 102: p. 50-61” անգլերեն է և հասանելի է հետևյալ հղումով

* Առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն է, որն ապահովում է բուժհաստատություններից յուրաքանչյուր օգտվողի՝ օրինակ հիվանդի վերաբերյալ բժշկական տեղեկատվության հավաքագրումը, արխիվացումը և օգտագործումը առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էլեկտրոնային միջավայրում: