Ֆինանսական փոխհատուցումը` Հայաստանում կեսարյան հատումների աճին նպաստող հնարավոր գործոններից մեկը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի (ՀԱՖ) շրջանավարտներ Մերի Թադևոսյանը և Աննա Ղազարյանը հրատարակել են “Factors contributing to rapidly increasing rates of cesarean section in Armenia: a partially mixed concurrent quantitative-qualitative equal status study” [«Կեսարյան հատման ցուցանիշի արագ աճին նպաստող գործոնները Հայաստանում. մասնակիորեն միախառնված, համաժամանակյա քանակական-որակական հավասարազոր հետազոտություն»] վերնագրով հոդվածը: Հոդվածի համահեղինակներն են Արուսյակ Հարությունյանն ու Վարդուհի Պետրոսյանը՝ ՀԱՖ-ից, Ադամ Աթերլին՝ Վերմոնտի համալսարանից, և Քիմ Հեքիմյանը՝ Կոլումբիայի համալսարանից: Հոդվածը տպագրվել է գրախոսվող BMC Pregnancy and Childbirth (ԲՄԿ Հղիություն և ծննդաբերություն) գիտական ամսագրի 2019թ. հունվար ամսվա համարում:

Կեսարյան հատմամբ ծննդալուծումների ցուցանիշը Հայաստանում 2000թ. եղել է 7.2%, իսկ 2017թ. աճել է մինչև 31.0%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կեսարյան հատումների շուրջ 10% ցուցանիշը նպաստում է մայրական և մանկական մահացության նվազմանը, իսկ 15%-ից բարձր ցուցանիշը  վկայում է կեսարյան հատման ոչ անհրաժեշտ կիրառության մասին, որի դեպքում մայրերի և նորածինների առողջության հետ կապված ռիսկերը կարող են լինել շատ ավելի մեծ, քան՝ օգուտները: Կեսարյան հատման չարաշահումը հանրային առողջապահական խնդիր է ողջ աշխարհում:  ՀԱՖ հետազոտողների սույն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսական խթանները, հղի կնոջ պահանջը և կեսարյան հատման բժշկական ցուցումների ընթացակարգի բացակայությունը կարող են նպաստել Հայաստանում կեսարյան հատումների աճին: Հետազոտության քանակական բաղադրիչը հաստատում է որակականի արդյունքները՝ ցուցադրելով կեսարյան հատումների աճի և դրանց ֆինանսական փոխհատուցման հնարավոր փոխկապակցվածությունը, մասնավորապես՝ սակավաթիվ ծննդաբերություններ ունեցող 2-րդ մակարդակի ծննդատներում: Հոդվածը ցույց է տալիս, որ ՀՀ առողջապահության նախարարության Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում կեսարյան հատման համար մանկաբարձ-գինեկոլոգներին վճարվող հավելավճարը միջինում 11 անգամ ավելի բարձր է (տատանվելով 7-ից 43 անգամի սահմաններում՝ կախված հիվանդանոցից), քան բնական ճանապարհով ծննդաբերության համար, ինչը վկայում է, որ  մանկաբարձ-գինեկոլոգը կարող է ունենալ զգալի ֆինանսական խթան՝ առանց բժշկական ցուցման կեսարյան հատում իրականացնելու համար: Մինչ մանկաբարձ-գինեկոլոգները չէին ընդունում, որ կեսարյան հատման անհամեմատ բարձր փոխհատուցումը կարող էր հանգեցնել կեսարյան հատումների թվի ավելացմանը, քաղաքականություն մշակողները նշում էին կեսարյան հատման բարձր հաճախականության և վճարման մեխանիզմի միջև կապի մասին: Ուսումնասիրությունը նաև բացահայտել է, որ տարբեր հիվանդանոցներում առկա են ծննդաբերությունների վարման գործընթացի զգալի տարբերություններ՝ ստանդարտ վարման ուղեցույցների բացակայության պատճառով:

Հոդվածը եզրափակվում է առկա միջազգային լավագույն փորձին համահունչ մի քանի առաջարկներով, որոնք կարող են օգնել Հայաստանի առողջապահության համակարգին՝ բարելավելու կեսարյան հատումների իրականացման ֆինանսական կարգավորման և մասնագիտական վարման մեխանիզմները: Առողջապահության նախարարության Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը պետք է վերանայի վճարման մեխանիզմը. կեսարյան հատման և բնական ճանապարհով ծննդաբերության համար նախատեսված հավելավճարները պետք է համեմատելի լինեն: Հայաստանը պետք է անշեղորեն հետևի նախորդ կեսարյան հատումից հետո հեշտոցային ծննդալուծմանն ուղղված միջազգային ուղեցույցներին: Անհրաժեշտ է մշակել այլընտրանքային ֆինանսական կարգավորման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ կեսարյան հատում իրականացնելու բժշկական ցուցումներ չկան և այն կատարվում է պարզապես կնոջ ցանկությամբ` ներդնելով համավճար՝ առանց բժշկական ցուցումների իրականցվող կեսարյան հատման  դեպքերը նվազեցնելու նպատակով: Վարման ուղեցույցները պետք է հստակ մատնանշեն կեսարյան հատման  բժշկական ցուցումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվորեն աշխատում է զարգացնելու բնակչության առողջության և առողջապահության ծառայությունները Հայաստանում և տարածաշրջանում՝ հանրային առողջապահության մասնագետների միջդիսցիպլինար ուսուցման և զարգացման միջոցով, ովքեր հանդիսանում են առաջնորդներ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման և առողջապահական խնամքի ապահովման և կառավարման ոլորտներում: