Blog

,

Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ առաջընթացներն ու մարտահրավերները

Հոկտեմբերի 12-ը ամեն տարի նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր՝ նպատակ ունենալով հանրությանն իրազեկել ծխախոտի օգտագործման վնասների մասին և խրախուսել դադարեցնել ծխելը։ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա հաստատման գործում իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական կազմակերպությունների միավորումը, որի նպատակն է բարելավել բնակչության առողջությունը և խթանել առողջ ապրելակերպ՝ հակածխախոտային համապարփակ քաղաքականության ձևավորման միջոցով։
«Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի աշխատանքները համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետը (ՀԱՀ/ԱԳՖ)։ Նվիրված լինելով Հայաստանում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության կանխարգելմանը, ինչպես նաև դրանցով պայմանավորված հիվանդացության և մահացության բեռի նվազեցմանը` վերջինս մշտապես ծավալում է ծխախոտի դեմ պայքարին միտված գիտական և հանրային գործունեություն։
2020 թվականի փետրվարին Հայաստանը մեծ քայլ արեց ծխախոտի դեմ պայքարի ոլորտում՝ ընդունելով առաջադեմ համապարփակ օրենք` «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ»։ Այս օրենքը ներդաշնակեցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթների հետ (ԾՊՇԿ)։ Օրենքը մեծապես ողջունվել է միջազգային գիտական հանրության կողմից և ի նշան գրանցած հաջողության՝ Հայաստանը ընգրկվել է Միավորված Ազգերի ԾՊՇԿ 2030 ծրագրի շրջանակներում միջազգային աջակցություն ստացած ինը երկրների շարքում։
Հետամուտ լինելով ուսումնասիրել օրենքով նախատեսված և 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի կիրարկումը և դրա հետ կապված խնդիրները՝ ՀԱՀ/ԱԳՖ-ն հանրային սննդի վայրերում դիտարկումների, օդի որակի չափումների, ինչպես նաև աշխատակիցների և այցելուների հետ հարցազրույցների միջոցով իրականացրել է հետազոտություն։
Գնահատման շրջանակներում հետազոտական թիմն այցելել է Երևանի տարբեր շրջաններում տեղակայված ընդհանուր առմամբ 24 հանրային սննդի բաց (12) և փակ (12) տարածքներ։ Ըստ գնահատման արդյունքների՝ այցելած տարածքներից 12-ում դիտարկվել է ծխախոտային արտադրատեսակի օգտագործում, որից 2-ը՝ (16.7%) փակ, իսկ 10-ը՝ (83,3%) բաց տարածքներում։ Ընդ որում, առավել հաճախ օգտագործվել է ծխախոտ (91,7%), էլեկտրոնային ծխախոտ (33.3%), և նարգիլե (16.7%): Դիտարկումների ժամանակ հետազոտական թիմը չի նկատել, որ հանրային սննդի վայրերի աշխատակիցները կամ այլ այցելուներ ծխողներին նախազգուշացնեն դադարեցնել ծխելը։ Ավելին, ոչ մի դիտարկման ժամանակ ոստիկանություն չի կանչվել, ինչը նախատեսված է գործող օրենքով։ Հահամաձայն օդի մաքրության մոնիտորինգի ցուցանիշների (PM2.5 մասնիկների խտություն)՝ այն հաստատություններում, որտեղ դիտարկվել է ծխախոտային արտադրատեսակների օգտագործում, PM2.5-ի միջին (median) ցուցանիշը 1,5-2 անգամ բարձր է եղել ԱՀԿ-ի կողմից սահմանած օդի մաքրության ցուցանիշից (35 մկգ/մլ)։ Այն հաստատություներում, որտեղ դիտարկվել է նարգիլեի օգտագործում, օդի աղտոտվածության միջին ցուցանիշը սահմանված նորմայից բարձր է եղել մոտ 10 անգամ, իսկ առավելագույն ցուցանիշի դեպքում՝ մոտ 46 անգամ։ Ավելին, դիտարկված տարածքներից 66,7%-ի դեպքում դիտվել է գնահատող սարքի ազդանշանի միացում, ինչը վկայում է 15 րոպե շարունակական ծխի կայուն մակարդակի առկայության մասին։ Հարցազրույցները ևս փաստել են, որ փակ հանրային տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքը բաց տարածքների համեմատ ավելի լավ է գործում։
ՀԱՀ/ԱԳՖ-ի կողմից իրականացված երկրորդային ծխի ազդեցության նվազեցմանը միտված մեկ այլ նախաձեռնություն է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆոգարթի միջազգային կենտրոնի, ԱՄՆ Էմորի համալսարանի, Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների հետ համագործակցությունը։ Բազմամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում և Վրաստանում ստեղծվել են համայնքային դաշինքներ՝ նպատակ ունենալով զարգացնել ծխախոտի դեմ պայքարի, մասնավորապես՝ ծխից ազատ միջավայրեր ստեղծելու քաղաքականության իրականցմանը համայնքներում։ Դաշինքներն իրենց համայնքներում ստեղծել են ծխախոտի ծխից ազատ միջավայրներ և գոտիներ, իրականացրել են իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ դպրոցներում, հանրային վայրերում, բժշկական հաստատություններում և այլուր։
Բնակչության շրջանում իրականացված ծրագրի ամփոփիչ գնահատումը ցույց է տվել համայնքներում ստեղծված դաշինքների գործունեության մասին համեմատականորեն բարձր տեղեկացվածության մակարդակ (24,4%՝ դաշինքների մասին, 72,9%` դաշինքների գործողությունների/միջոցառումների մասին)։ Բացի այդ, նախնական (2018) և հետծրագրային (2022) համեմատական գնահատումները ցույց են տվել տանը և աշխատավայրում երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու վիճակագրորեն հավաստի նվազում։ Երկրորդային ազդեցության ցուցանիշները պակաս խոստումնալից են բաց հանրային վայրերում, որտեղ ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ կարևոր հիմնախնդիր։
Իրականացված երկու հետազոտությունները ընդգծում են բաց տարածքներում ծխելու արգելքի իրականացման հարցում առկա խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները։ Չնայած առկա համապարփակ օրենսդրությանը, բոլոր շահագրգիռ կողմերի անբավարար ներգրավվածությունն օրենքի կիրարկման գործում դանդաղեցնում է դրա լիարժեք ազդեցությունը հանրային առողջության պահպանման վրա։
«Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը խորապես մտահոգված է հանրային սննդի վայրերի բացօթյա տարածքների օդի աղտոտվածության ցուցանիշներով՝ հատկապես նարգիլեի օգտագործմամբ պայմանավորված։ Կոչ ենք անում թույլ չտալ օրենքի շրջանցում խորամանկությունների միջոցով և հետամուտ լինել դրա պատշաճ իրականացմանը հանրային սննդի վայրերում։
Առաջարկում ենք խստացնել օրենքի վերահսկումը հանրային սննդի վայրերի հատկապես բաց տարածքներում, ինչպես նաև իրազեկել աշխատակիցներին և այցելուներին օրենքի կիրարկման հարցում իրենց ունեցած կարևորագույն դերի մասին։