Ի-ՌՆԹ պատվաստանյութերի «երկար» պատմությունը

Ինֆորմացիոն ՌՆԹ-ի մասնիկները (ի-ՌՆԹ) հայտնաբերվել են 1960-ականների սկզբին։ Հետազոտությունները, թե ինչպես ի-ՌՆԹ-ի մասնիկները տեղափոխել բջջից ներս, արվել են դեռևս 1970-ականներին: Իսկ ինչու՞ պետք է 2020 թ.-ի Քովիդ-19-ի համավարակը տեղի ունենար, որպեսզի ի-ՌՆԹ պատվաստանյութերը հայտնվեին շուկայում:  

 

Գրիպի առաջին ի-ՌՆԹ պատվաստանյութը մկների շրջանում փորձարկվել է 1990-ականներին, իսկ կատաղության առաջին ի-ՌՆԹ պատվաստանյութը մարդկանց շրջանում փորձարկվել է միայն երկու տասնյակ տարի անց: Ի՞նչ էր տեղին ունենում այդ ընթացքում:

Ի-ՌՆԹ-ի շուրջ կատարված հետազոտությունների սկզբնական տարիները նշանավորվեցին տեխնոլոգիայի նկատմամբ մեծ ոգևորությամբ, սակայն կային նաև որոշ տեխնիկական դժվարություններ: Ամենամեծ մարտահրավերն այն էր, որ օրգանիզմը վերցնում էր ի-ՌՆԹ-ի մասնիկները և արագորեն քայքայում, նախքան դրանք կկարողանային բջջին «հասցնել» իրենց հաղորդագրությունը:

Խնդիրը լուծում ստացավ  նանոտեխնոլոգիաների զարգացմամբ: Ստեղծվեցին ճարպային կաթիլներ (լիպիդային նանոմասնիկներ), որոնք փուչիկի պես փաթաթում էին ի-ՌՆԹ-ն՝ թույլ տալով մուտք գործել բջիջներ: Բջիջ մտնելուց հետո ի-ՌՆԹ-ի հաղորդագրությունը կարող է վերածվել սպիտակուցների, ինչպես օրինակ նոր կորոնավիրուսի մակերեսային (spike) սպիտակուցն է, և իմունային համակարգը այնուհետև կսկսի ճանաչել այդ օտար սպիտակուցը:

 

Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ այս տեխնոլոգիան

Ճարպային ծրարների կիրառմամբ առաջին ի-ՌՆԹ պատվաստանյութերը մշակվել են մահացու Էբոլա վիրուսի դեմ: Այնուամենայնիվ, քանի որ այդ վիրուսը հայտնաբերվում է միայն սահմանափակ թվով աֆրիկյան երկրներում, այս Էբոլայի դեմ պատվաստանյութերի լայնածավալ մշակմամբ չզբաղվեցին։

 

Իսկ ի՞նչ եղավ, երբ աշխարհին հարվածեց Քովիդ-19-ը

Հիշենք, որ Քովիդ-19-ի համավարակը ստիպեց արտադրողներին մշակել տասնյակ հնարավոր պատվաստանյութեր նոր կորոնավիրուսի դեմ, որն ուղեկցվեց ահռելի ֆինանսական միջոցների տրամադրմամբ։ Շնորհիվ տասնյակ տարիների հետազոտական-նորարական աշխատանքների՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի տենխնոլոգիան արդեն պատրաստ էր, իսկ Քովիդ-19-ը հնարավորություն ստեղծեց ևս մեկ անգամ ապացուցելու այս տեխնոլոգիայի ապահով և արդյունավետ լինելը։

 

Ի՞նչ է սպասվում ապագայում 

Պատվաստանյութ արտադրող ընկերություններն արդեն ձեռնամուխ են եղել շնչառական այլ վարակների դեմ ի-ՌՆԹ պատվաստանյութերի մշակմանը։ Ի-ՌՆԹ տեխնոլոգիան պատվաստանյութերի արտադրության նոր դարաշրջան է և վկայում է գիտական ​​առաջընթացի և տասնամյակների հետազոտությունների փորձի մասին։ 

 

Սկզբնաղբյուր՝

https://publichealth.jhu.edu/2021/the-long-history-of-mrna-vaccines?fbclid=IwAR0Vf1eeP3zqF9KjFEsSBU-Ss3HL-dQs7OVCr-KiWxx6qS-SJ7-LFCWToOY