Անտառների ոչնչացումը հանգեցնում է մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների ավելացման

Հեղինակ՝ Կատարինա Զիմմեր

Որքան ավելի շատ անտառներ են ոչնչացվում աշխարհում, այնքան աճում է գիտնականների մտավախությունը, որ կարող է ի հայտ գալ հաջորդ համավարակը՝ այդ անտառների բնակիչներով պայմանավորված։

1997 թվականին ծխի ամպերը կախված էին Ինդոնեզիայի արևադարձային անտառների վրա, քանի որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի չափ տարածք էր այրվել գյուղատնտեսական նպատակով, հրդեհն էլ տարածվել էր երաշտի պատճառով: Ծխով պարուրված ծառերը չէին կարողանում պտուղ տալ՝ տեղի մրգակեր չղջիկներին չթողնելով այլ ընտրություն, քան սնունդ փնտրելու համար թռչել այլ վայրեր՝ իրենց հետ տանելով մահացու հիվանդությունը:

Մալայզիայի մրգատու այգիներ չղջիկների տեղափոխվելուց շատ չանցած՝ այնտեղ գտնվող խոզերը, ինչպես և խոզաբուծությամբ զբաղվողները, սկսեցին հիվանդանալ՝ ենթադրաբար, չղջիկների կծոտած և գետնին ընկած մրգերն ուտելուց հետո: Մինչև 1999 թվականը, 265 մարդու մոտ ի հայտ եկավ ուղեղի ծանր բորբոքում և 105-ը մահացան: Սա մարդկանց շրջանում Նիպա վիրուսի առաջին հայտնի բռնկումն էր, որն այնուհետև մի շարք կրկնվող բռնկումների պատճառ դարձավ Հարավարևելյան Ասիայում:

Սա մեկն է վայրի բնության մեջ գոյություն ունեցող այն բազմաթիվ վարակիչ հիվանդություններից, որոնք տարածվել են մարդկանց շրջանում՝ արագ վերացվող անտառների տարածքներում: Աճող գիտական ապացույցների համաձայն, վերջին քսան տարվա ընթացքում անտառազերծումները, հարուցելով իրադարձությունների բարդ հաջորդականություն, պայմաններ են ստեղծել մարդկանց շրջանում մի շարք մահացու վարակների տարածման համար, օրինակ՝ Նիպա և Լասսա վիրուսների, ինչպես նաև՝ մալարիայի ու Լայմի հիվանդության հարուցիչ մակաբույծների։ 

(Մարդիկ զանգվածային կերպով անտառներ են ոչնչացնում՝ հիմնականում անասնապահության նպատակով։ Տե՛ս ավելին անտառների ոչնրացման մասին

Ամազոնի արևադարձային անտառների, ինչպես նաև՝ Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի որոշ հատվածներում իրականացվող անտառների լայնատարած հրդեհումների ֆոնին փորձագետները մտահոգվում են ոչնչացվող անտառների հարևանությամբ ապրող բնակիչների առողջության վերաբերյալ։ Նրանք նաև վախենում են, որ հաջորդ լուրջ համավարակը կարող է ծագել մեր մոլորակի անտառներից։

«Այն, որ անտառների ոչնչացումը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների տարածման, կասկած չի ներշնչում»,- ասում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի Երկրի հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Էնդի ՄաքԴոնալդը։ «Սա թվերի խաղ է՝ ինչքան ավելի շատ քայքայենք և ոչնչացնենք անտառային միջավայրերը, այնքան ավելի հավանական է, որ հայտնվենք այնպիսի իրավիճակներում, որոնք ծնում են վարակիչ հիվանդությունների համաճարակներ»։  

Ուղիղ կապը

Վաղուց կասկած կար, որ տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդկային կյանք խլող մալարիան, որի պատճառը մոծակների միջոցով տարածվող Պլազմոդիում մակաբույծների հարուցած վարակն է, կապ ունի անտառահատումների հետ։ Բրազիլիայում հիվանդության վերահսկման ջանքերն անցյալում կտրուկ իջեցրին մալարիայի փոխանցումը (1940-ականներին տարեկան 6 միլիոն դեպքից մինչև 1960-ականներին՝ 50 000-ը), սակայն այնուհետև դեպքերի թիվն անշեղորեն աճել  է անտառների արագ ոչնչացմանը և գյուղատնտեսության ընդլայնմանը զուգահեռ։ Դարավերջին Ամազոնի ավազանում տարեկան գրանցվում էր մալարիայի ավելի քան 600 000 դեպք:

1990-ականների վերջին Ֆլորիդայի Համալսարանի նորահայտ ախտածինների ինստիտուտի համաճարակաբան Էմի Վիթթորի և այլոց կատարած աշխատանքը պարզել է սրա պատճառը: Անտառածածկ տեղամասերի ոչնչացումը, ըստ երևույթին, անտառեզրի երկայնքով իդեալական միջավայր է ստեղծում Anopheles darlingi մոծակի՝ Ամազոնում մալարիայի ամենակարևոր փոխանցողի բազմացման համար: Պերուական Ամազոնում մանրազնին հետազոտությունների արդյունքում դր․ Վիթթորին ավելի մեծ թվով թրթուրներ հայտնաբերեց տաք, մասամբ ստվերոտ ջրափոսերում, որոնք ձևավորվում են անտառներից ազատված ճամփեզրերին՝ ծառերի բեկորների շուրջ, և որտեղից ջուրն այլևս չի ներծծվում ծառերի կողմից: 

«Դրանք հենց այն [տեղերն] են, որտեղ Anopheles darlingi-ներն իրենց շատ լավ են զգում»,- նշում է Վիթթորը։

Արբանյակային և առողջապահական տվյալների համալիր վերլուծության մեջ, որը վերջերս հրապարակվել է  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, ՄաքԴոնալդը և Սթենֆորդի համալսարանից Էրին Մորդքայը հաղորդել են Ամազոնի ավազանում մալարիայի փոխանցման վրա անտառահատումների զգալի ազդեցության մասին, ինչը համահունչ է որոշ նախկին հետազոտությունների հետ:

Ըստ նրանց հաշվարկների, 2003-ից 2015 թվականների ընթացքում անտառների կորստի տարեկան 10% աճը հանգեցրել է մալարիայի դեպքերի աճի՝ 3%-ով: Օրինակ, մեկ տարվա ընթացքում հավելյալ 1600 ք.մ. ոչնչացված անտառի հատվածը (մոտավորապես 300 000 ֆուտբոլի դաշտի մեծության) կապված է եղել մալարիայի հավելյալ 10 000 դեպքի հետ։ Այս ազդեցությունն առավել ցայտուն է եղել անտառի ներսում, որտեղ որոշ հատվածներ դեռևս անաղարտ են մնացել՝ ապահովելով մոծակների համար նախընտրելի՝ անտառեզրի խոնավ միջավայրը:  

Քանի դեռ Ամազոնի անտառների հրդեհումը շարունակվում է, ակնկալվող արդյունքները մտահոգիչ են։ Նախորդ շաբաթ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականի առաջին 10 ամսվա ընթացքում ոչնչացվել է Նյու Յորքի տարածքից 12 անգամ ավելի մեծ տարածք զբաղեցնող անտառ:

«Ես մտահոգ եմ, թե ինչ է տեղի ունենալու վարակի տարածման հետ` որպես հրդեհումների հետևանք»,- ասում է ՄաքԴոնալդը։

Դժվար է ընդհանրացնել մոծակների էկոլոգիայի մասին գիտելիքը , քանի որ վերջինս տատանվում է՝ կախված մոծահի տեսակից և տարածման վայրից, շեշտում է Վիթթորը: Աֆրիկայում հետազոտությունները թույլ կապ են հայտնաբերել մալարիայի և անտառների ոչնչացման միջև, հավանաբար՝ որովհետև այնտեղ տարածված մոծակների տեսակները սիրում են բազմանալ արևի լույսով լուսավորված ջրերում և նախընտրում են բաց գյուղատնտեսական հողերը՝ ստվերոտ անտառային տարածքներից: Սակայն Սաբահում՝ Մալայզիական Բորնեոյի մի մասում, մալարիայի բռնկումները դարձյալ համընկնում են արմավենու յուղի ստացման և այլ պլանտացիաների շահագործման նպատակով անտառների ոչնչացման հետ։

Տենդը ջունգլիներից

Մոծակները միակ կենդանիները չեն, որոնք կարող են մարդկանց մահացու վտանգներ փոխանցել։ Իրականում, մարդկանց շրջանում ի հայտ եկող նոր վարակիչ հիվանդությունների 60%-ը՝ ներառյալ անտառաբնակ կենդանիներից ծագած ՄԻԱՎ-ը, էբոլան և Նիպան, փոխանցվում են մի շարք այլ կենդանիների կողմից՝ հիմնականում վայրի: 

2015 թվականին կատարված հետազոտության արդյունքում Էկոառողջություն միության (Նյու Յորքում գործող ոչ առևտրային կազմակերպություն, որը հետևում է վարակիչ հիվանդություններին ամբողջ աշխարհում) հետազոտողները և այլոք եզրակացրին, որ «նորահայտ հիվանդությունների յուրաքանչյուր երրորդ բռնկումը կապված է հողօգտագործման այնպիսի փոփոխության հետ, ինչպիսին անտառահատումն է», ինչպես նշում է կազմակերպության ղեկավար Փիթեր Դասզակը իր թվիթերյան գրառումներից մեկում։  

Շատ վիրուսներ առանց վնաս պատճառելու ապրում են անտառներում՝ իրենց կրող կենդանիների օրգանիզմում, քանի որ այդ կենդանիները էվոլյուցիա են ապրել նրանց հետ միասին: Բայց մարդիկ կարող են դառնալ այդ ախտածինների ակամա կրողներ, եթե ներխուժեն անտառային միջավայր կամ փոխեն այն:

«Մենք ամբողջովին փոխում ենք անտառի կառուցվածքը»,- նշում է Կառլոս Զամբրանա-Տորելիոն՝ Էկոառողջություն միության մասնագետը։

Մահացու գայթակղություն

Հիվանդություններ կարող են առաջանալ նաև, երբ նոր բնակավայրերը հրապուրում և անտառներից դուրս են բերում հիվանդություն կրող տեսակներին:

Օրինակ, արմավենու յուղի ստացման պլանտացիաների մշակման նպատակով անտառների ոչնչացումը Լիբերիայում անտառից դուրս է բելել սովորաբար անտառաբնակ մկների հսկայական խմբերի, որոնց հրապուրել է արմավի առատությունը պլանտացիաների և բնակավայրերի շուրջը: Մարդիկ կարող են Լասսա վիրուսով վարակվել վիրուսակիր կրծողների կղանքով կամ մեզով աղտոտված մթերքի կամ իրերի, կամ էլ՝ վարակակիր անձանց մարմնի արտազատած հեղուկների հետ շփման արդյունքում: Մարդկանց շրջանում այս վիրուսը հեմոռագիկ տենդ է առաջացնում՝ էբոլա վիրուսից առաջացած հիվանդության նման, և Լիբերիայում վարակված անձանց 36%-ի մահվան պատճառ է դարձել:  

Վիրուսակիր կրծողներ հայտնաբերվել են նաև Պանամայի, Բոլիվիայի և Բրազիլիայի անտառազերծված տարածքներում: Ալֆոնսո Ռոդրիգեզ-Մորալեսը՝ բժիշկ-հետազոտող և արևադարձային հիվանդությունների փորձագետ Կոլումբիայի Պերեյրա տեխնոլոգիական համալսարանից, մտավախություն ունի, որ այս տարի Ամազոնի հրդեհների վերսկսումից հետո այդ կրծողների թիվը կավելանա:

Եվ ասվածը չի սահմանափակվում արևադարձային հիվանդություններով: ՄաքԴոնալդի որոշ հետազոտություններ հետաքրքիր կապ են բացահայտել հյուսիսարևելյան Միացյալ Նահանգներում անտառների վերացման և Լայմի հիվանդության միջև: 

Borrelia burgdorferi-ն՝ Լայմի հիվանդությունը հարուցող բակտերիան, փոխանցվում է տզերի միջոցով, որոնք հիմնականում մակաբուծում են անտառային եղնիկների վրա՝ բազմանալու և գոյատևելու համար բավարար արյուն ստանալու համար: Սակայն այս բակտերիան հայտնաբերվում է նաև սպիտակոտն մկների շրջանում, որոնք էլ բազմանում են մարդկանց բնակավայրերով մասնատված անտառներում, ասում է ՄաքԴոնալդը:

Վարակների փոխանցումը մարդկանց ավելի հավանական է արևադարձային գոտիներում, քանի որ վայրի բնության և ախտածինների ընդհանուր բազմազանությունն այնտեղ ավելի մեծ է, ավելացնում է նա: Այդ գոտիներում, ամենաբազմազան կենդանիների միջոցով՝ արյունախում միջատներից մինչև խխունջներ, փոխանցվող մի շարք հիվանդություններ կապված են անտառների վերացման հետ: Գիտնականները մտավախություն ունեն, որ ի հավելումն հայտնի հիվանդությունների, մի շարք դեռևս անհայտ մահացու հիվանդություններ թաքնված են անտառներում, և կարող են ի հայտ գալ՝ մարդկանց անտառներ ներխուժելուն զուգընթաց:  

Զամբրանա-Տորելիոն նշում է, որ մարդկանց շրջանում այս վարակների տարածման հավանականությունը կլիմայի տաքացմանը զուգահեռ կարող է բարձրանալ, քանի որ փոխված կլիման կարող է ստիպել կենդանիներին՝ իրենց կրած վիրուսներով հանդերձ, տեղափոխվել տարածքներ, որտեղ դրանք նախկինում երբեք չեն եղել: 

Այն, թե նման հիվանդությունները կմնան անտառներում սահմանափակված, թե կանցնեն մարդկանց՝ պոտենցիալ համավարակ սանձազերծելով, կախված է դրանց փոխանցման ձևից, ասում է Վիթթորը: Որոշ վիրուսներ, օրինակ՝ Էբոլան կամ Նիպան, կարող են ուղղակիորեն փոխանցվել մարդուց մարդուն՝ տեսական հնարավորություն ունենալով՝ աշխարհով մեկ ճամփորդելու, քանի դեռ մարդիկ գոյություն ունեն: 

Զիկա վիրուսը, որը հայտնաբերվել է 20-րդ դարում Ուգանդայի անտառներում, աշխարհով մեկ կարողանում էր ճամփորդել և վարակել միլիոնավոր մարդկանց, քանի որ գտել է կրող՝ ի դեմս Aedes aegpti մոծակի, որն ապրում է քաղաքային վայրերում:

«Մտածել անգամ չեմ ուզում, որ որևէ այլ ախտածին կամ ախտածիններ կարող են այդպիսի բան անել, բայց այդպիսի հնարավորությունն անտեսելն ու դրան չնախապատրաստվելը հիմարություն կլիներ», ասում է Վիթթորը:  

Նոր ծառայություն

Էկոառողջություն միության հետազոտողներն առաջարկել են հիվանդությունների վերահսկումը նոր էկոհամակարգային ծառայություն համարել, այսինքն՝ օգուտ, որը մարդիկ ազատ ստանում են բնական էկոհամակարգերից`ածխածնի պահեստավորման ու փոշոտման նման:

Այդ նպատակով նրանց թիմն աշխատել է Մալայզիական Բորնեոյում՝ մալարիայի ճշգրիտ գինը հաշվարկելու համար՝ ներառելով ամեն ծախս՝ մինչև յուրաքանչյուր հիվանդանոցային մահճակալի և բուժաշխատողների օգտագործած ներարկիչի արժեք: Նրանք գտել են, որ Մալայզիայի կառավարությունը մալարայով յուրաքանչյուր նոր հիվանդի բուժման վրա միջինում մոտ $5 000 է ծախսում, որը որոշ վայրերում բազմիցս գերազանցում է մալարիայի կանխարգելման համար կատարվող ծախսերը:    

Ժամանակի ընթացքում այդ ամենը գումարվում է` գերազանցելով անտառների ոչնչացումից ստացվող շահույթը, որը ազդեցիկ ֆինանսական փաստարկ է՝ որոշ անտառներ կանգուն թողնելու համար, ասում է Դասզակը:

Նա և իր գործընկերները սկսում են աշխատել Մալայզիայի կառավարության հետ՝ վերոնշյալը հողօգտագործման պլանավորման մեջ ներառելու համար, և նմանատիպ ծրագիր են իրականացնում Լիբերիայի պաշտոնյաների հետ՝ Լասսա տենդի բռնկումների արժեքն այնտեղ հաշվարկելու համար:

ՄաքԴոնալդն արժեվորում է այս միտքը. «Եթե մենք կարողանանք պահպանել շրջակա միջավայրը, գուցե նաև կարողանանք պահպանել առողջությունը: Կարծում եմ դա այն ոսկե կանոնն է, որը պետք է մեր մտքում ունենանք»:

 

Աղբյուրը՝ https://www.nationalgeographic.com/science/article/deforestation-leading-to-more-infectious-diseases-in-humans